Այն, ինչ արվում է Ծիծեռնակաբերդում, նորություն չէ տեխնոլոգիական իմաստով․ Ժաննա Անդրեասյան
«Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքներ, դրանք, բնականաբար, շարունակվում են, ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ Ծիեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան խմբի կողմից։
«Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները։ Դրանք հենց այդ բառով էլ կոչում եմ՝ մանիպուլյացիա, որովհետև իրականում այն, ինչ արվում է Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված, նորություն չէ տեխնոլոգիական իմաստով։ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը»,- ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով, Ծիծեռնաբերդը կարևորագույն հուշահամալիր է, 1 մմ որևէ փոփոխություն անելը անցնում է համապատասխան ընթացակարգով։
«Հիմա ունենք հետևյալ պայմանավորվածությունը՝ 3 մույթերում աշխատանքը կամփոփվի, դրանից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկենք հաջորդ մույթերի հետ կապած աշխատանքների մասով»,- ասաց նա։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի չխանգարեն որևէ այցելուի մուտքը։
«Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- ընդգծեց նա։