Կաթողիկոսի եղբայրը մեկ ամսով կալանավորվեց
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Արման Բաբախանյանը որոշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին կալանավորել մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ քիչ հետո կքննվի Գ. Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը։
Հիշեցնենք՝ փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
«Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք»,- գրել էր նա՝ հրապարակելով նաև տեսանյութ, որով, փաստաբանի խոսքով, հաստատվում է ակնհայտ սուտ մատնությունը:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: