Ստամբուլի նախկին քաղաքապետի «լրտեսության» գործի բացահայտման ընթացքում, հեռախոսի մեջ հայտնաբերվել են Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարչի և Մելիհ Գյոչեքի դեմ սկսված «լրտեսության» գործով հետաքննության մանրամասները։
Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հուսեյն Գյունը հարցաքննության ընթացքում խոսել է հեռախոսի խուզարկության ընթացքում հայտնաբերված կոնտակտների վերաբերյալ։
Քննիչների տվյալներով՝ ցուցակում ներառված է եղել 34 անձ՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ և բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզության աշխատակիցներ էին։ Նրանց թվում էին Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը։
Գյունը բացատրել է, որ իր հեռախոսում նախկին պաշտոնյաների և գործարարների թվի առկայությունը բացատրվում է իր նախկին առևտրային գործունեությամբ։