Թուրքիան 13 տարի անց առաջին դեսպանն է նշանակել Սիրիայում
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յըլմազը նշանակվել է Սիրիայում երկրի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հաղորդում է NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։
Յըլմազը կլինի Սիրիայում Թուրքիայի առաջին դեսպանը 13 տարվա ընթացքում։ 2012 թվականի մարտին Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը փակվեց և վերաբացվեց միայն անցյալ տարվա դեկտեմբերին՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո։
Յըլմազը 2013-ից մինչև 2023 թվականը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում, որն այն ժամանակ գլխավորում էր Հաքան Ֆիդանը։
Արտասահմանում դեսպանները նշանակվում են Թուրքիայի նախագահի հրամանագրերով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս չի ստորագրել Յըլմազին Սիրիայում նշանակելու փաստաթուղթը։