Պերմյակովը ունի անձի ընդհանուր զարգացման շեղումներ
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է 2015 թ-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, խրոնիկ հոգեկան հիվանդութամբ չի տառապել ու չի տառապում, սակայն ունի անձի ընդհանուր զարգացման շեղումներ, և մարդու մակերեսային, պարզունակ անհատականություն, որոշակի մանկամտություն, հուզական ռեակցիաների միօրինակություն, պրիմիտիվություն: Այս հանգամանքները հրապարակվեցին այսօր հերթական դատական նիստին գործով փաստաթղթերի հրապարակման փուլում:
«Հանցագործությունը կատարելու ժամանակահատվածում գործել է գիտակցված, հարկ է նրան ճանաչել մեղսունակ: Նա կարող է ճիշտ հասկանալ գործի համար կարևոր հանգամանքը, կարող է մասնակցել քննչական աշխատանքներին»,-մեջբերեց մեղադրող դատախազը:
Իր հերթին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ գործի մեջ տեղ է գտել դեռևս 2014թ-ի հունիսին Չիտայում ռուս բժիշկների կողմից Պերմյակովի վերաբերյալ տված էպիկրիզը, որի համաձայն վերջինիս հոգեկան վիճակը բավարար է, սակայն էմոցիոնալ անկայուն և նրան երեք ամիս զենք տալ չի կարելի, քանի որ նրա համար մարդկային կյանքը արժեք չունի: