Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,800 արցախցի․ ՍիվիլՆեթ
2025-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 44,566 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 28,785-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև 2025-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,781 արցախցի։
Նախորդ ամսվա տվյալներով չվերադարձածների թիվը կազմել էր 15,955, այսինքն՝ ներգաղթողների թիվը վերջին ամսում ավելացել է 174-ով։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում (տե՛ս գրաֆիկը ստորև)։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացավ շուրջ 4-5 հազարով։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց արցախցիների «40+10» հազար դրամ սոցիալական ծրագիրը, և աջակցությունը դարձավ թիրախային՝ միայն խոցելի խմբերին։