Պատրաստ եմ փոխել անունս, եթե Ռուբեն Ռուբինյանը ապացուցի իր ասածը. Գեղամ Մանուկյան
«Ազգային ժողովի ամբիոնից Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց, աղավաղեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա շարունակեց. «Հայտարարելով, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը երեք ավանդական կուսակցություններով համատեղ հայտարարություն են արել ընդդեմ անկախության... Եթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա այդ համատեղ հայտարարությունը, ես պատրաստ եմ այս ամբիոնից փոխել իմ անունը։
Ստում է պարոն Ռուբինյանը։ 1988թվական հոկտեմբեր, Հայաստանում գործադուլներ, ցույցեր են, ավանդական երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն են անում, կոչ են անում Խորհրդային Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և այդ հարցը դարձնել առաջնային, կոչ են անում Հայաստանի, Արցախի մեր հայրենակիցներին ծայրահեղական քայլերի չդիմել երկրի բնականոն ընթացքը չխախտելու համար»։