Մարտունու ԲԿ-ի բժիշկները նախարարին պատմել են տնօրենի ապօրինությունների մասին, բայց ոչինչ չի փոխվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը կրկին անդրադարձել է Մարտունու բժշկական կենտրոնում տիրող իրավիճակին։
«Մարտունու ԲԿ-ի տնօրինության անօրինական գործունեության մասին խոսել եմ բազմիցս։ Խոսել եմ բժշկական ծառայության քաոսի, բժիշկների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ոչ կոմպետենտ մասնագետների և տնօրենի կողմից անօրինական գործունեության մասին։
Սկզբում տնօրենի պաշտպանությամբ զբաղվում էր մարզպետը, որի արդյունքում անհայտ փաստաթղթերով մրցույթը չհաղթահարած Անդրանիկը 5 տարով նշանակվեց տնօրեն։ Ի դեպ, այդ գործը այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այնուհետև ԲԿ-ն անցավ նախարարության ենթակայությանը, որտեղ ևս Անդրանիկը ստացավ աջակցություն՝ շարունակելու նույն ձեռագիրը։
Փորձառու բժիշկների համբերության բաժակը լցվեց, և այս ապօրինությունների մասին, որոնք արվում են տնօրեն Անդրանիկի և վիրաբուժական բաժնի վարիչ Սիրակի կողմից, նրանք պատմեցին Անահիտ Ավանեսյանին։ Նախարարը զարմացավ ու զայրացավ, երևի, մինչ օրս կարծում էր, թե Անդրանիկը ՔՊ լավագույն տնօրենն է, խոստացավ լուծել խնդիրը, և բժիշկները տպավորված ու հավատով դուրս եկան նախարարի մոտից։
Անցել է շուրջ 10 օր, սակայն Մարտունու ԲԿ-ում ոչինչ չի փոխվել»,- գրել է Պողոսյանը։
Նա դիմել է Անահիտ Ավանեսյանին՝ ընդգծելով՝ բժիշկները հավատում են նրա ուժերին։
«Անահիտ Ավանեսյան, զգույշ եղեք, հանկարծ Անդրանիկը Ձեզ էլ դատի չտա...»,- հավելել է փորձագետը։