Շարմ էլ Շեյխում ադրբեջանցիների հետ քննարկել ենք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը. Միրզոյան
«Հաստատված խաղաղության պայմաններում, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են որոշ հարցեր, որոնք լուծված չեն»,- Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ այդ չլուծված հարցերից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցն է։
«Մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք իրականում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված կլիներ։ Բայց իրականացնում ենք այդ աշխատանքը։
Ինչպես և միշտ, այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Մենք չենք դադարեցնում մեր ջանքերը։ Երեկ նաև Շարմ էլ Շեյխում ադրբեջանցիների հետ կրկին քննարկել ենք այս հարցը։ Հուսանք, առաջիկայում մեր ջանքները դրական արդյունք կտան»։