Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. Պոլսո Հայոց Պատրիարք
«Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Պոլսո Հայոց Պատրիարքը նաև նշել է. «Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»։
Նա ընդգծել է, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին` հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։ Մասնավորապես, Պոլսո Հայոց պատրիարքի ներկայացմամբ, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։
«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։