Մենք պատրաստ ենք նոր էջ բացել Պաղեստինյան ինքնավարության հետ հարաբերություններում. ՀԱՄԱՍ
«Համաս» արմատական շարժումը հայտարարել է Պաղեստինի ազգային ինքնավարության հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին:
Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի խոսնակին։
«Մենք պատրաստ ենք նոր էջ բացել Պաղեստինյան ինքնավարության հետ հարաբերություններում», - ասել է հեռուստաալիքին աղբյուրը։ Նա հավելել է, որ Համասը մտադիր չէ բախվել Պաղեստինյան ինքնավարության հետ, որը գլխավորում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում Գազայի պատերազմի ավարտի գագաթնաժողովի մասնակիցները ստորագրեցին հրադադարի համաձայնագիր։
Հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Ավելի վաղ Համասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին էր հանձնել բոլոր 20 իսրայելցի պատանդներին, ինչպես նաև 28 զոհվածներից չորսի մարմինները։ Իսրայելը հայտարարել է, որ ազատ է արձակել ավելի քան 1900 պաղեստինցի բանտարկյալների։ Դոնալդ Թրամփի ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է Գազայի կառավարելու համար միջազգային կազմակերպության ստեղծում։