Իրանը առաջարկել է Ադրբեջանին և Ռուսաստանին համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի երկայնքով ոչ ֆիզիկական խոչընդոտների վերացումը կարևոր քայլ է։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը՝ Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ բեռնատարները ստիպված են հերթ կանգնել սահմանին.
«Այս խնդիրը կարող է նվազեցվել հերթագրման համակարգի ներդրմամբ։ Իրանն այժմ տարբեր սահմաններում զարգացնում է ենթակառուցվածքներ և համակարգեր։ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև մաքսային համագործակցության մասին հուշագրի նախագիծն արդեն ուղարկվել է կողմերին։ Ես առաջարկում եմ, որ այս փաստաթուղթը հնարավորինս շուտ վերջնականապես մշակվի և ստորագրվի։ Ավելին, արտահանման և տարանցիկ գործողությունների ընթացքում մաքսային ծառայություններում ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման համար առաջարկվում է ստեղծել երեք երկրների միջև տեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ և պարբերաբար հանդիպումներ անցկացնել այս ոլորտում»,-նշել է Ֆարզանե Սադեղը: