Հրապարակվել է ՄԻՊ զեկույցը
Այսօր հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը:
Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար:
Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը և սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Զեկույցում նշվում է, որ հասարակությանը շարունակել են անհագստացնել հավաքների ազատության անհամաչափ սահմանափակումների, արդար դատաքննության, խոսքի ազատության, անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման, կրթության իրավունքի իրացման, ընտանեկան բռնության, սելեկտիվ աբորտների, խտարականության դրսևորումների, սոցիալական ոչ բավարար երաշխիքների և այլ իրավունքների հետ կապված խնդիրները: