Սպիտակ տունը Նոբելյան կոմիտեին մեղադրել է Խաղաղության մրցանակը քաղաքականացնելու մեջ
Նոբելյան կոմիտեի անդամները հասկացրել են, որ քաղաքականությունն իրենց համար ավելի կարեւոր է մոլորակի խաղաղությունից, ասել է Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունը։
«Նոբելյան կոմիտեն ապացուցել է, որ քաղաքականությունը գերադասում է խաղաղությունից»,- գրել է Չունը ուրբաթ X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Խաղաղության Նոբելյան մրցանակը վենեսուելացի քաղաքական եւ հասարակական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին շնորհելը։
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմները դադարեցնել եւ կյանքեր փրկել»։ «Նա հումանիստի սիրտ ունի, եւ աշխարհում երբեք չի լինի որեւէ մեկը, ով նրա նման կարող է լեռներ շարժել կամքի ուժով»,- շարունակել է Չունը։
Ուրբաթ ավելի վաղ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ «Մարիա Կորինա Մաչադոն պարգեւատրվում է Վենեսուելայի ժողովրդի համար ժողովրդավարական արժեքները խթանելու իր անխոնջ աշխատանքի եւ հանուն բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման իր պայքարի համար»,- նշվել է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։