Ռուսաստանում վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչ
Ռուսաստանի Լիպեցկի մարզում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են, որ ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում։
«Անձնակազմը դուրս է ցատկել ինքնաթիռից, և օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ՄիԳ-31-ը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում և թռչել է առանց զինամթերքի։
Պաշտպանության նախարարությունը որևէ բացատրություն չի տվել վթարի պատճառի վերաբերյալ։