Անչափահասը փախչել է «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ից, ինքնավնաuել ձեռքը. տղան ՔՊ-ական պատգամավորի ազգակա՞նն է
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 16-ամյա մի երիտասարդի ձեռքին կան ինքնավնասման հետքեր։ Այս մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Մեզ հայտնեցին, որ երիտասարդը, ով «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում ստանում է ստացիոնար բուժում, մոր պնդմամբ, ինքնավնասման պահին եղել է տանը։
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը փախել է հոգեբուժարանից և ինքնավնասման պահին, ըստ մեր տեղեկությունների, եղել է թմրանյութի ազդեցության տակ։
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Շիրակի մարզային քննչական վարչության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել նաև, որ երիտասարդը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ազգականն է (նույնականացվող տվյալները չենք հրապարակում` տղայի անչափահաս լինելու պատճառով)։ Իսկապե՞ս իր ազգականն է տղան և ի՞նչ է իրեն հայտնի դեպքի մասին` փորձեցինք պարզել հենց Կարեն Սարուխանյանից։
Վերջինս հարցը դեռ մինչև վերջ չլսած՝ բորբոքվեց։
«Ես խնդրում եմ, անձնական ու դեռահասների հետ կապված նման հարցերը մի քաղաքականացրեք, դրա համար դուք խստորեն պատասխանատվության եք ենթարկվելու»,- սպառնաց նա։
Դիտարկմանը, որ դեռ ոչինչ չէի հարցրել, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Նման հարցերով չփորձեք ինձ հաջորդ անգամ զանգահարել, հաջողություն Ձեզ»,- ասաց նա։
Արմինե Մկրտումյան