Հավասարակշռված մարդ էր. Հնաբերդում չեն հասկանում ինչու է կապիտանը ինքնասպանություն գործել
Մարտի 29-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ 29-ամյա Մեսրոպ Ղազարյանի դին հայտնաբերել են Արմավիրի մարզի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տանը՝ լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:
Մեսրոպ Ղազարյանը ժամանակավորապես բնակվում էր Արմավիրի մարզում: Վերջինը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, 2-րդ դասակի հրամանատարն էր, կոչումով՝ կապիտան:
Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանը newspress.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում շոկի մեջ են, չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Մեսրոպը նման քայլի դրել. «չեմ կարող ասել պատճառը, որն է եղել, իրավապահները կպարզեն, բայց շատ լավ անձնավորություն էր, աշխատասեր, հավասարակշռված»,-ասաց նա:
Գյուղապետը նաև ասաց, որ կապիտանը հինգ տարեկան դուստր ուներ, ընտանիքի հետ Արմավիրում ժամանակավոր էին ապրում:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։