Ցանկանալով փրկել ճանապարհին հայտնված ոզնուն` իր իսկ մեքենայի տակ է ընկել ԱԱԾ պետի նախկին տեղակալը
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` երեկ` հոկտեմբերի 3-ին պատահար է տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին:
Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ:
Մեքենայի հետևում նստած` ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան:
Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք է ստացել, նրա վիճակը ծանր է:
NEWSPRESS.am-ի խմբագրակազմը` ղեկավար Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, շուտափույթ առողջություն է մաղթում տուժածին: