ՀՀ արդարադատության համակարգը վերածվել է քաղաքական հաշվեհարդարների լեգիտիմացման գործիքի․ քաղաքագետ
Քաղաքագետ Տիգրան Դումիկյանը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
«Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկման դատապարտումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ոչ միայն հակաեկեղեցական քաղաքականության հերթական աղաղակող դրսևորումն էր, այլև խոսքի ազատության ոտնահարման բացահայտ փաստ։ Այս ամոթալի երևույթը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի արդարադատության համակարգը զուրկ է անկախ և արդար որոշումներ կայացնելու կարողությունից և վերածվել է քաղաքական հաշվեհարդարների լեգիտիմացման գործիքի։
Որպես Հայաստանի ներկայով ու ապագայով խորապես մտահոգ հայ՝ վճռականորեն դատապարտում եմ այս ապօրինի և ամոթալի որոշումը։ Առանց արդարության և ազատության չի կարող լինել ո՛չ հույս, ո՛չ ապագա։ Ժողովրդի համերաշխ ու վճռական ձայնը պարտավոր է դառնալ այն ուժը, որը կկասեցնի անօրինությունը և կբացի ճշմարտության ու արդարության ճանապարհը»,- գրել է Դումիկյանը։