Ոնց որ մեր ընդդիմությունն այլմոլորակայիններ լինեն․ Սուքիասյանն ընդդիմությանն ու «մոլորված» քաղաքացիներին կոչ արեց միանալ ՔՊ-ին
«Ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունն այլմոլորակայիններ լինեն: Լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում, որոնք են երկրների խնդիրները, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար»: Այս մասին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանն իր ելույթի ժամանակ «դասախոսություն կարդաց» խաղաղության մասին։ Նա ներկաներին բացատրեց, թե ինչ է խաղաղությունը և մուննաթով դիմեց ընդդիմությանը․ «Հիմա մեզնից ի՞նչ են ուզում»,- հարցադրմամբ նա դիմեց ընդդիմությանը, թեև վերջիններս նիստին չէին մասնակցում։
Ամեն դեպքում, Սուքիասյանն ասաց իր «սրտի խոսքն» ու պատկերացումները՝ ապագա Հայաստանի մասին։
«Մեր ընդդիմությանը, ուրիշ քաղաքացիների, որոնք մոլորված են կամ ինչ-որ քարոզներ են անում, ուզում եմ դիմել մեր այդ քաղաքացիներին էլ՝ ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու: Կոչ եմ անում՝ ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկին մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու, ստեղծելով գնում ենք, եթե ուզում եք, եկեք մեզ միացեք, դուք էլ մաս կազմեք»,- ասաց նա։