Լուրջ չէ, երբ ասում են՝ մնայիք, կռվեիք, 2020-ից հետո Ստեփականակերտի վերևում Ադրբեջանի զորքերն էին. Շահրամանյան
Սեպտեմբերի 27–ին՝ 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ արցախցիներին ուղղված այն խոսույթին, թե՝ մնայիք, կռվեիք, չտայիք Արցախը, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերում, նման արտահայտություն անողները չեն կարող լուրջ անձնավորություններ իրենց համարեն։
2020–ի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ–ի Ադրբեջանի, ՌԴ ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020–ին։ 2020–ից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում, Շուշիում տեղակայված էին Ադրբեջանի զորքերը։ Այս իրավիճակում խոսել, որ մնայիք, պայքարեիք, ես դա լուրջ չեմ կարող համարել»։