Արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաև անորոշ վիճակում է՝ առանց պետության կողմից առաջարկվող հեռանկարի. Մետաքսե Հակոբյան
Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն չի իրականացնում որևէ նպատակային քաղաքականություն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բացահայտորեն փորձում է փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ այն լուծված է։ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Փաշինյանի կառավարության համար Արցախն այլևս գոյություն չունի ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։
Արցախը չի մոռացվելու, Արցախի հայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա նշեց, որ այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաև սոցիալապես լքված է, իրավաբանորեն անորոշ վիճակում է առանց պետության կողմից առաջարկվող հեռանկարի։