Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտի
Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի։ Այդ մասին «ՀաբերԹյուրք» հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Նաջի Քորուն, գրում է ТАСС-ը:
«Ամենաուշը հուլիսի 1-ին եվրոպական 26 երկրների դռները կբացվեն մեր քաղաքացիների առաջ, և ուղևորությունները կդառնան առանց վիզայի։ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտում գտնվել մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում»,- ասել է նա։
Քորուի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի անցման համար ԵՄ-ի բոլոր 72 պահանջները պետք է իրականացվեն մինչև մայիսի 4-ը։
«Վերջին 10 օրվա ընթացքում ընդունվել է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, որի շնորհիվ մենք անմիջապես սկսել ենք համապատասխանել այդ չափորոշիչներից հինգին կամ վեցին»,- հայտնել է պաշտոնյան: Թուրքիան դեռ պետք է կատարի 72 պահանջից մոտ 30-ը:
Սպասվում է, որ մայիսի 4-ին Եվրախորհուրդը կներկայացնի Թուրքիայի կողմից վիզային ռեժիմի չեղարկման համար անհրաժեշտ պայմանների պահպանման մասին եզրափակիչ զեկույցը: Եթե դրանում նշվի, որ Անկարան կատարել է պահանջները, իսկ Եվրախորհրդարանը հավանության արժանացնի փաստաթուղթը, ապա ԵՄ-ն և Թուրքիան կսկսեն վիզաներից փաստացի հրաժարման պատրաստությունները:
Վիզային ռեժիմի չեղարկման գործընթացի արագացման մասին ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են Բրյուսելում՝ մարտի 18-ի վեհաժողովի արդյունքներով: