«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է»․ Նաիրա Զոհրաբյանը իմպիչմենտին կողմնակից է
ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողության հասնելու հնարավորություն ունի։ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ նա կարևորեց անվստահություն հայտնելու այս գործընթացը, որովհետև, ըստ նրա, սա միակ գործուն օրակարգն է, որտեղ խաղի կանոնը չի թելադրում Նիկոլ Փաշինյանը:
Զոհրաբյանը, որպես օրինակներ, ներկայացրեց Նեպալում տեղի ունեցած հեղափոխությունն ու Ֆրանսիայում վարչապետի հրաժարականը․ շեշտեց՝ Հայաստանը չպիտի գնա Նեպալի ճանապարհով, որտեղ հեղափոխությունը նաև մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ։ Ըստ նրա՝ Հայաստանում հնարավոր է Ֆրանսիայի օրինակն իրականություն դառնա, երբ վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։
Նա հայտարարեց՝ այսօր չի խոսելու Փաշինյանի մասին, որովհետև նրա մասին արդեն ամեն ինչ ասված է, և այսօր, ըստ նրա, Փաշինյանն արդեն բաց խաղաքարտերով է խաղում և ցույց տալիս, որ իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի է պատրաստ։
«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է»,- ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց նաև, որ պատրաստակամություն է հայտնում պաշտպանելու ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնք թրաֆիքինգի զոհ են։