Փորձել են մերժել իմփիչմենթի վերաբերյալ լսումները, հետո 300 մասնակցից միայն 160-ին են գրանցել, որ մասնակցեն. Մամիջանյան
«Այսօր մենք արել ենք ամեն-ինչ, որպեսզի խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության»: Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:
Նա ասաց, որ լսումների նախորդող շրջանում կառավարիչներն ու ԱԺ-ում իրենց կողմից նշանակված մարդիկ ամեն կերպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը։
«Շուրջ 300 հոգի ցանկություն էր արտահայտել մասնակցել լսումներին, գրանցվել էր, դրանից հաստատվել է 160-ի ներկայությունը։ Նման բան երբեք չի եղել ԱԺ պատմությն մեջ, լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց էին թույլ տալիս մասնակցել։ Մինչ այդ առհասարակ փորձում էին մերժել, չտրամադրել լսումների հնարավորություն՝ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններով։
Վստահ եմ, որ այդ խանգարելու մոլուցքը, մոտեցումները շարունակվելու են նաև այսօր, փորձելու են խոչընդոտել։ Խնդրանքս կամ առաջարկես հետևյալն է՝ ելույթերի ժամանակ պահպանել կոռեկտությունը, ոչ թե այն պատճառով, որ իրենք դրան արժան են, այլ այն պատճառով, որպեսզի առիթ չտանք այս լսումները խոչընդոտեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը։