Փաշինյանի քայլերը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի Հանրապետության կործանման ծրագրի մի մաս են. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի հայտարարությունը
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մսնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը իր ֆեյսբուքյան էջում մենք գնահատում ենք ոչ միայն որպես քաղաքական անպատասխանատու և վտանգավոր դիրքորոշում, այլ նաև՝ որպես փաստացի ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ։ Նման հայտարարությամբ Փաշինյանը իր իսկ ձեռքով Ադրբեջանին հանձնում է ապագա ռեպարացիաների իրավական հիմքեր՝ փաստաթղթավորված ձևով ընդունելով պարտություն և Հայաստանի մեղավորությունը։
Սա հանդիսանում է Ադրբեջանի ամենամեծ դիվանագիտական հաղթանակը, որին սպասում էին Բաքվում՝ առանց գնդակ արձակելու, և ցուցաբերում է կառավարության քաղաքական անպատասխանատվության ու ազգային շահերը հաշվի չառնելու խորաստիճան բացթողում։ Այս անփութությունն անմիջապես սպառնում է Հայաստանի պետականությանը՝ նույն կերպ, ինչպես նախկինում տեղի ունեցավ Սիլեզիայի և Լոտարինգիայի դեպքում, երբ պարտված կողմերի տարածքներում օտար զորքեր էին մտցվում։ Փաշինյանի հայտարարությունը, որը փաստացի ձևակերպում է պարտության ընդունումը, կարող է ծառայել որպես միջազգային հիմք՝ օտար բանակների մուտքի համար մեր երկրում, ինչը արդեն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Մենք շեշտում ենք, որ ԼՏՊ-ն (Լևոն Տեր-Պետրոսյան) նույն տրամաբանությամբ է գործել տարիներ առաջ՝ մանիպուլյացիաների և կեղծ «խաղաղության օրակարգի» անվան տակ նախապատրաստելով հողն այսօրվա պարտության համար։ Այս պատմական օրինակն ցույց է տալիս, որ երկրի ղեկավարների անհարկի համաձայնությունները և դատարկ ձևակերպումները կարող են երկարաժամկետ վնաս հասցնել երկրի ինքնիշխանությանը։ Եթե Փաշինյանը շարունակում է արդարացնել Ալմա Աթայի հռչակագրով պայմանավորված դիրքորոշումը, ապա մենք ուղղակիորեն հարց ենք տալիս․ Ալմա Աթայի հռչակագիրը չի ներառել հանրապետությունների սահմանները, քարտեզները կամ տարածքները քառակուսի կիլոմետրերով։
Սա միանգամայն քաղաքական և կազմակերպչական փաստաթուղթ է, որն նախատեսված է նոր պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու սկզբունքի համար և չի տրամադրում միանշանակ իրավական կարգավորում ռազմական կամ տարածքային հարցերում։ Թող Փաշինյանը հրապարակավ պատասխան տա՝ ի՞նչ իրավական հիմքերով են մեր զինվորները, այդ թվում՝ ՀՀ բանակի շարքերում ծառայած նրա որդին , հայտնվել Արցախի տարածքում և արդյոք նա պատրաստ է իր որդուն էքստրադիցիայի ենթարկել դեպի Ադրբեջան որպես վարձկան։ Եթե Փաշինյանը իր հայտարարություններով կամ հրապարակային դիրքորոշումներով մատնանշում է կոնկրետ մարդկանց կամ խմբերի (այսպես կոչված «վարձկաններ») որպես հանցավոր ենթակա անձինք, մենք պահանջում ենք՝ այդ պնդումների առնչությամբ անմիջապես սկսվի անկախ և օրենքով նախատեսված քննություն, որտեղ պետք է բացահայտվեն վարչապետի հակա-հայկական դիրքորոշումները որոնք հակասում են ՀՀ անկախության հռչակագրին և սահմանադրությանը միաժամանակ գնահատվեն դրանց իրավական և քաղաքական հետևանքները։ Եվ ուր է ՀՀ Սահմանադրության պաշտպանը այսպես կոչված ՀՀ նախագահը։
Նման հետաքննությունը պետք է իրականացվի օրինական ընթացակարգերով՝ ոչ որպես հրապարակային դատաստան, այլ որպես փաստացի և իրավական պատասխանատվություն հաստատող պրոցես։ Մենք հայտարարում ենք՝ Փաշինյանի քայլերը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի Հանրապետության կործանման ծրագրի մի մաս են։
Նա պարտավոր է հստակ պատասխան տալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք բանավեճի, թե՞ հերթական անգամ թաքնվելու է սոցիալական ցանցերում՝ խեղաթյուրելով իրականությունը և խլելով հանրության իրավասու դատողությունը։
Հարգանքներով «ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչություն»: