Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը
Մինսկում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը և խորհուրդ է տվել զերծ մնալ այդ երկիր բոլոր ուղևորություններից։ Այդ մասին հայտնում է INTERFAX-ը։
«Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Բելառուսի Հանրապետությունում մնացած Լեհաստանի քաղաքացիներին անհապաղ լքել նրա տարածքը՝ օգտագործելով առկա առևտրային և մասնավոր միջոցները»,-նշված է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«Դեսպանատունը կրկին հայտարարում է, որ իրավիճակի սրման, տարածաշրջանում շարունակվող պատերազմի և Լեհաստանի քաղաքացիների բազմակի կամայական ձերբակալությունների պատճառով Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից»,-հայտարարել են դիվանագետները և հավելել. «Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն բարդանալ կամ նույնիսկ անհնար լինել»։