Ստորագրված ընտրական ցուցակների հրպարկման այլընտրանքը` ըստ իշխանությունների
«Որոշ լուծումներ որ առաջարկվում են, իրականում չեն կարող համարվել լավագույնը, օրինակ՝ մատների թանաքոտման պահանջը, հավատացեք, լավագույն լուծումը չէ: Ես բազմիցս ներկայացրել եմ այդ մեթոդի թերությունները, և որ այդ մեթոդը չի կարող նպաստել անվստահության նվազեցմանը»:
ԱԺ-ում ԸՕ նախագծի վերաբերյալ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմության 5 պահնջներին: Դավիթ Հարությունյանը նաև ընդգծեց, որ նախապայմաններ իշխանությունները չեն ընդունելու, բայց պատրաստ են արդյունավետ քննարկումներ ծավալել: Նա անդրադարձավ նաև ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջրկին, ասելով, որ թեև այն ընդունել են, բայց դա խնդիր չի լուծում, անիմաստ զբաղմունք է ու գումարի վատնում:
Դավիթ Հարությունյանը նաև խոսեց ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ առաջարկի մասին ՝ ասելով, որ այլընտրանքը վստահված անձանց և դիտորդներին այդ ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է. «Մենք ընտրական օրենսգրքի նախագծում սահմանել ենք, որ ընտրություններից հետո դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ այդ ցուցակներին: Մենք պնդում ենք, որ ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվելու, քանի որ դա գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, սակայն մենք այլընտրանք առաջարկել ենք»,-շեշտեց նա: Դավիթ Հարությունյանը մանրամասնեց. գործող օրենսգրքով սահմանված է, որ վերահաշվարկի դեպքում վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին, իսկ առաջարկվող նախագծով վստահված անձինք ու նաև դիտորդները կարող են ծանոթանալ այդ ցուցակներին առանց վերահաշվարկի պահանջի: