Սեյրան Օհանյանի և զոհված զինվորի ընտանիքի ներաշխարհի գույները
Պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի լուսանկարները ամուսնու և երեխաների հետ միասի կրկին ողողեցին համացանցը՝ այս անգամ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին: Առաջին հայացքից այստեղ որևէ արտառոց բան չկա, Ռ. Խաչատրյանը սիրում է գեղեցիկը, ամուսնուն ներքաշում է իր ներաշխարհ և հասարակությանը ցույց տալիս կատարյալ ընտանիք լինելու իր իդեալը:
Բայց չմոռանանք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարին, չմոռանանք, որ հենց տոնական օրերին հակառակորդը մեծացնում է սահմանային լարվածությունը, և նախարարի աչքն ամեն վարկյան պետք է ուղղված լիներ սահմանը, այլ ոչ թե ֆոտոխցիկի օբյեկտիվը: Եթե նախարարի տիկնոջ պրոդյուսերական միտքն այնքան անսպառ է, որ այն արտահայտում է ընտանեկան լուսանկարների միջոցով, ապա քավ լիցի, թող գեղեցիկի մասին իր բոլոր պատկերացումները լուսանկարին հանձնի, բայց այն կարելի է գոնե ընտանեկան ալբոմում պահել և հանրության քննարկման առարկա չդարձնել, քանի որ վերջինիս այսօր հետաքրքրում է ոչ թե տիկնոջ շքեղ կյանքն ու արդուզարդը, այլ սահմանում տիրող իրավիճակն ու հայ զինվորի անփորձանք ծառայությունը:
Մինչդեռ Նովրուզից Զատիկ ընկած ժամանակաշրջանում հակառակորդը ակտիվացրեց լարվածությունը, Տավուշում և Արցախում թիրախի տակ հերթական անգամ հայտնվեցին խաղաղ բնակիչներ, վիրավորվեց պայմանագրային զինծառայող, ինչ-ինչ պատճառներով ունեցանք նաև ժամկետային զինծառայողի կորուստ, և այստեղ են անհամատեղելի դառնում նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և զինվորի, զինվորի ծնողի, խաղաղ բնակչի ներաշխարհի գույները: Մեկն իր կենսուրախ ժպիտով, մյուսն իր ժպիտը վաղուց թաղած՝ անհաշտ մորմոքով: