Խաղաղության համաձայնագրի ստորագման միակ արգելքը ՀՀ Սահմանադրությունն է․ տարածքային պահանջ չունենք․ ադրբեջանցի վերլուծաբանը Երևանում է
Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը վստահեցնում է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա տարածքային պահանջ, բայց, ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ։
«Ստորագրելու համար դա կարող է լինել միակ արգելքը»,- ասաց ադրբեջանցի վերլուծաբանը, որ այս պահին գտնվում է Երևանում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ սեմինարի շրջանակում։
Հարցին՝ նկատի ունեք մեր Սահմանադրությունը պետք է փոխել, որպեսզի չխանգարի՞, ադրբեջանցի վերլուծաբանը դրական պատասխանեց։
«Այո, քանի որ դա իրավական հիմք կարող է լինել և այս պահին խաղաղության համաձայնագրի ստորագրման արգելք է հանդիսանում»,-ասաց նա։
Ադրբեջանցի վերլուծաբանը վստահեցնում է, թե Ադրբեջանը տարածքային ոչ մի պահանջ չունի Հայաստանի նկատմամբ։
Հարցին, թե՝ այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Ալիևը՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով, Մուրադ Մուրադովը պատասխանեց, որ դա ոչ թե տարածքի պահանջ է, այլ հակառակը՝ դրանով հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Ադրբեջանցիները երկար ժամանակ այստեղ ապրել են, ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմաններ։ Սա ավելի շատ մշակութային կոնցեպցիա է պարունակում իր մեջ»,-ասաց նա։