Ճիշտ ենք արել․ Փաշինյանը՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածից զորքերը հետ քաշելու մասին
Մենք մեր զինված ուժերը բերել ենք միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհային հատվածում զորքի հետքաշմանը՝ այդ մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք դա արել ենք առանց սահմանազատման և ճիշտ ենք արել»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ «Թրամփի երթուղու» նախագծի մանրամասների շուրջ պայմանավորվածություններ չկան, այլ կան համաձայնեցված սկզբունքներ, այդ թվում՝ փոխադարձության սկզբունքը։ Ըստ նրա, դա նշանակում է, որ եթե մի պայման գործում է Հայաստանի համար, ապա նույն պայմանը գործում է Ադրբեջանի համար։ «Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք. մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքերն անցնեն Նախիջևանով։ Մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին և չենք խոսում մեր մասին։ Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, ապա նման բանակցություններ կսկսենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ երկաթգծով զենք տեղափոխել, ապա կփոխենք համապատասխան բանաձևը»,- նշել է նա։
Փաշինյանը կրկին նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման և «Թրամփի երթուղի» ծրագրի հետ կապված ցանկացած հարց պետք է դիտարկվի հինգ սկզբունքների շրջանակներում։