ՀՖՖ-ն սկսել է Հունգարիա - Հայաստան խաղի տոմսերի գնման հայտերի ընդունումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում։
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։
Տվյալները պետք է լրացնել այստեղ։
Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները:
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։