Արփինե Սարգսյանը Փաշինյանի բարեկամին պաշտոն է տալիս․ քծնո՞ւմ է, թե՞ արջի ծառայություն մատուցում
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի քաղաքացիական ծառայությունը նոր ղեկավար կունենա։
Հատկանշական է, որ պետի պաշտոնն զբաղեցնելու համար թեկնածուները հանձնում են քննություն՝ գրավոր և բանավոր կարգով։ Թեկնածուները պաշտոնի համար դիմել ու արդեն իսկ գրավոր քննություն են հանձնել:
Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, կլինի նաև բանավոր քննությունը, որի արդյունքները, ըստ NEWSPRESS.am-ի տեղեկությունների, կանխորոշված են։
Ըստ շրջանառվող լուրերի` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արդեն իսկ ունի իր «սրտի թեկնածուն», որի անունն է Սոս Սարդարյան։ Վերջինս աշխատում է նույն վարչության Աշտարակի բաժանմունքում։ Այժմ նախարարուհին որոշել է Գիքորին քաղաք բերել, ասել է թե՝ Երևան։
Ու, թեև ասում են, թե Սոս Սարդարյանն իր գիտելիքով չի փայլում, որպեսզի իր ուժերով կարողանար քննություն հանձնել ու, առավել ևս, պետի պաշտոնն զբաղեցնել, սակայն, Արփինե Սարգսյանի ընտրությունը պատահական չէ։
Մեր տեղեկություններով` նա, ոչ ավել-ոչ պակաս, երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող Փաշինյան Նիկոլի բարեկամն է՝ ընտանիքի փեսան։
Այնպես որ, Փաշինյան Նիկոլին հարկ է հարցնել, թե հիշո՞ւմ է, որ տարիներ առաջ գոռում էր, թե՝ ծանոթ-խնամի-բարեկամի պաշտոններ չի բաժանելու։
Եթե հիշում է ու ավելի արժանի թեկնածուներից իրենց օջախի փեսային է պաշտոն տալիս, ապա սա Արփինե Սարգսյանի կողմից քծնանք է՝ ուղղված Փաշինյանին, քանի որ նախարարուհին ինքնըստինքյան մասնակից է դառնում կեղծարարության՝ հանուն Փաշինյանի։
Իսկ եթե Նիկոլը տեղյակ չէ, ապա այս դեպքում տիկին նախարարուհու կողմից սա պարզապես արջի ծառայություն է։