Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանը Հայաստանից ավելի կոնկրետ քայլեր է պահանջում
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ նախաստորագրումը հնարավոր է դարձել կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցության արդյունքում։
Նա հիշեցրել է, որ խոսքը նախաստորագրման, ոչ թե վերջնական ստորագրման մասին է, ապա ավելացրել է.
«Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է կետեր, որոնք արտահայտում են անընդունելի տարածքային պահանջներ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հետևաբար, կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն»։