Ամերիկյան պատվիրակությունը Բաքվում ադրբեջանցիների հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հարցեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Միջին միջանցքի համար հավաստագրված առևտրային առաքելության ներկայացուցիչներին:
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպման ընթացքում նշվել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ կայացած քննարկումների և ստորագրված փաստաթղթերի պատմական նշանակությունը։
Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։
Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարևորությանը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան կապը։
Տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Միջին միջանցքի վերականգնման և վերակենդանացմանն ուղղված երկարաժամկետ ջանքերի վերաբերյալ, ընդգծվել է, որ այդ ջանքերն իրականացվում են այնպիսի կոնկրետ նախագծերի միջոցով, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգիստը և Ալաթ ազատ տնտեսական գոտին։
Գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի և Կասպից ծովի արևելյան ափին գտնվող գործընկեր պետությունների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի բարեկամ և եղբայրական երկրների միջև ռազմավարական կապերի առկայությունը։