Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը մշակել է բոլոր որոշումները. Օվերչուկ
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) մշակել է բոլոր որոշումները, և կողմերը ներկայումս պահպանում են կապը երկկողմ ձևաչափով։
Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Խումբը չի հանդիպել 2023 թվականի հուլիսի սկզբից, չնայած մենք պահպանում ենք կապը երկկողմ մակարդակով։ Եվ մենք կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ է կատարվում։ Ի վերջո, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները նաև իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում, և մենք շատ ենք շփվում», - ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով խմբի ճակատագրի մասին հարցին։
«Խումբը մանրակրկիտ աշխատել է՝ խորանալով ամենափոքր մանրամասների մեջ, դիտարկելով Հարավային Կովկասի ապաշրջափակման ամենատարբեր ասպեկտները», - շարունակել է Օվերչուկը։
«Մենք ամեն ինչ քննարկել ենք տարբեր տեսանկյուններից։ Սկզբունքորեն, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում բոլոր որոշումները ձևակերպվել են, և առնվազն պարզ է, թե ինչ է պետք անել և ինչպես»,-նշել է նա:
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համաձայնության եկան ստեղծել աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։