«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Կենտրոնական Ասիայից և Կասպից ծովից էներգամատակարարման եզակի երթուղի. Ադրբեջանի էներգետիկայի նախարար
«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Newspress.am-ի) բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և կանաչ էներգիայի մատակարարման եզակի ուղի։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Ադրբեջան-Թուրքիա չորրորդ էներգետիկ ֆորումում։
Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, նաև Ադրբեջանի և Թուրքիայի միասնական քաղաքական կամքի արդյունք է։
«Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ թողունակության աճի շնորհիվ։ Այս խողովակաշարը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության նոր դարպաս է, որը բացվում է Նախիջևանի միջով»,- ասել է նա։
Շահբազովը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի լինելուց, կամրապնդի հարաբերությունները Թուրքիայի և այլ թյուրքալեզու պետությունների հետ էներգետիկայի և հաղորդակցության ոլորտներում:
Նա հավելել է, որ առաջիկա տարիներին Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր օղակ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքում, կամրապնդի խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում և օգուտ կբերի բոլոր հարևան երկրներին՝ արևելքից մինչև արևմուտք, հյուսիսից մինչև հարավ: