Մեզ փորձում են մատուցել կեղծ խաղաղություն․ Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վստահ է՝ Արցախի հարցը հնարավոր չէ փակել։
«Իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի հարցը մշտապես փակելու ուղղությամբ, բայց ես վստահ եմ, որ Արցախի հարցը հնարավոր չէ փակել։ Ուղղակի վստահ եմ»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով,այլ իրականությունում մենք պետք է Արցախի անկախության տոնը նշեինք Ստեփանակերտում, ապա պետք է այցելեինք եղբայրական գերեզմանատուն՝ հարգելու հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը, բայց այսօր Եռաբլուր են եկել։
«Ոչ հեռավոր 90-ականներին հայ ժողովուրդն ապացուցել է, որ իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելն այլընտրանք չունի»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ցավով փաստեց, որ վերջին տարիների իրադարձությունները ձևավորել են նոր իրականություն։
«Մեզ փորձում են համոզել, ապացուցել, որ ճիշտը, նորմալը դա է։ Մեզ փորձում են մատուցել կեղծ խաղաղություն, դրա հետ մեկտեղ մոռացության են տալիս մեր հերոս նահատակներին, մեր ժողովրդի սխրանքները։ Համոզված եմ, որ դեռ ամեն ինչ շատ լավ է լինելու։ երբևիցէ չպետք է հուսահատվենք, չպետք է մոռանանք, թե ինչ ենք ունեցել։ Մենք պետք է մեր մտքերում, սրտերում, հոգիներում պահենք Արցախի հարցը»,-ասաց Վանեցյանը։