Ալիևը հակված է տարածաշրջանային լարվածությունը երկարաձգելու մեջ․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
««Ալիևի վերջնախաղը․ պատանդ վերցված խաղաղություն»,-այսպես է վերնագրված «EVNReport» կայքում հրապարակված իմ հոդվածը, որտեղ հիմնական կետերով ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը ՉԻ ԳՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ։
Ադրբեջանի ղեկավարը առավել շահում է գործընթացը երկարաձգելուց և նոր պահանջներ առաջ քաշելուց։ Մի շարք հիմնարար ցուցիչներ վկայում են, որ Ալիևը պատրաստ չէ խաղաղ համաձայնության վերջնական ձևակերպմանը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների ու ողջ տարածաշրջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը։ Այդ առումով հոդվածում հատ առ հատ անդրադարձել եմ հետևյալ կետերին՝
-Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական օրակարգի ինստիտուցիոնալացում
-Խաղաղության քրեականացում. հաշտեցումը՝ որպես դավաճանություն Ադրբեջանում
-Բեմականացված դատավարությունները՝ որպես զենք հայերի դեմ
-Ադրբեջանը ակտիվացնում է սպառնալիքները խաղաղության տեքստի համաձայնեցումից հետո
-Ադրբեջանական զորավարժությունները՝ խաղաղության տեքստի հաստատումից հետո (դրանք միայն ակտիվացել են, պատկերը ներկայացված է գրաֆիկում)
-Երկու տարվա ռազմական գործարքները բացահայտում են Բաքվի ռազմական հավակնությունները։
Այս զարգացումները բացահայտում են մտահոգիչ օրինաչափություն. Ալիևն, ըստ ամենայնի, առավել հակված է տարածաշրջանային լարվածությունը երկարաձգելու և տարածքային հավակնությունները առաջ մղելու մեջ, քան՝ Հայաստանի ինքնիշխանության ճանաչման կամ տևական խաղաղություն հաստատելու գործում։
Հոդվածը դեռևս հասանելի է միայն անգլերեն տարբերակով, հույս ունեմ՝ առաջիկայում կկարողանամ ներկայացնել նաև հայերենը։ Դրա տարածումը նաև օտարալեզու լսարաններում շատ օգտակար կլինի»: