Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել մեկուսարանից
Սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Այս մասին մեկուսարանից հղած նոր նամակում գրել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը։
Այսօրվա նամակում Կարապետյանը նշել է, որ իշխանություններին չի հաջողվել հուսահատեցնել երիտասարդներին ու լռեցնել լրագրողներին, և որ նոր քաղաքական ուժի հաջողությունների հիմքը կդառնա հենց այն, ինչ չի հաջողվել գործող իշխանություններին։
«Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։ Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը»,– ասված է նամակում։
Գործարարը նկատել է, որ չի հաջողվել կոտրել Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կամքը։ Անկախ իշխանությունների` եկեղեցու դեմ սկասած արշավի, չի հաջողվել կոտրել հավատը մեր եկեղեցու առաքելության նկատմամբ, հակառակը` «ավելի ու ավելի շատ մարդիկ համախմբվում են Մայր աթոռի շուրջ»։