Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ, այսօր մենք այլընտրանք չունենք. Արա Աբրահամյան
Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմականորեն լինելով ռուսական պետության ամենամոտ երկրներից մեկը։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրականությունն այլ է, կարծում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այսօր մենք այլընտրանք չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուրեք սպասեն, հրավիրեն, և մենք ընտրենք։ Մեզ ոչ ոք չի հրավիրի: Մենք նրանց հարցնում ենք, իսկ Եվրամիությունը պատասխանում է՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք այդպես ասում։ Նույն պատճառով, որ այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, բայց նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կոչնչացնի պետությունը», - ասել է Աբրահամյանը։
«Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանին ամենամոտ երկրներից մեկն է, ուստի սա Հայաստանի ներքին գործը չէ: Ցավոք, այսօր մենք պետք է պաշտպանենք նաև մեր շահերը Ռուսաստանում», - ասել է Աբրամյանը։
Ռուսաստանի Դաշնությունում ապրում է ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիոն հայ, ինչը այն դարձնում է ամենամեծ սփյուռքը:
Եվրոպան, որի հետ Հայաստանը ակտիվորեն կապեր է հաստատում, դժվար թե ձգտի մերձեցման, կարծում է Աբրամյանը: Նա հիշեցրեց համաձայնագրի բացակայությունը, որը կապահովի կոլեկտիվ անվտանգությունը և թույլ կտա հայկական արտադրանքը վաճառել ԵՄ երկրներում: