Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը. Քիր Սթարմեր
Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում։
«Մեր ամենամոտ դաշնակիցների հետ միասին ես աշխատում եմ տարածաշրջանում խաղաղության ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի անհրաժեշտ կոնկրետ քայլեր հրադադարը երկարատև խաղաղության վերածելու համար։ Պաղեստինյան պետության ճանաչումը պետք է լինի այդ քայլերից մեկը։ Իմ դիրքորոշումն այս հարցում միանշանակ է», - ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, Սթարմերը հավելել է, որ Պաղեստինի ճանաչումը պետք է լինի ավելի լայն ծրագրի մաս, որը, ի վերջո, կհանգեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների համակեցության և պաղեստինցիների և իսրայելցիների համար երկարատև անվտանգության սկզբունքի վրա։