Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։
Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարավում տիրող իրավիճակը։ Ֆիդանը ընդգծել է հակամարտության հնարավորինս շուտ ավարտի և տարածաշրջանում հանգստության ապահովման կարևորությունը, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։
Նախարարը նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն խաթարում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերը։
Հաքան Ֆիդանը հավելել է, որ ահաբեկչական կազմակերպություններին ոչ մի դեպքում թույլ չի տրվի օգտվել Սիրիայի հարավում տիրող իրավիճակից։
Կողմերը նաև քննարկել են Գազայի իրավիճակը և գնահատել հրադադարի բանակցություններում գրանցված առաջընթացը։