Իսրայելը փչացած, ահաբեկչական պետություն է. Էրդողան
Թուրքիան թույլ չի տվել և թույլ չի տա Սիրիայի բաժանումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական համալիրում կայացած կաբինետի նիստից հետո, հաղորդում է Anadolu-ն։
«Մենք ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր համաձայն չենք Սիրիայի բաժանմանը, և վաղը կտրականապես չենք համաձայնի դրան։ Նրանք, ովքեր իջնում են ջրհորը՝ բռնված Իսրայելի պարանից, վաղ թե ուշ կհասկանան, թե ինչ լուրջ սխալ են թույլ տվել», - ընդգծել է թուրք առաջնորդը։
Թուրքիայի պետության ղեկավարը Իսրայելն անվանել է կանոնները անտեսող, անսկզբունք, փչացած, քայքայված և հուսահատ ահաբեկչական պետություն:
Էրդողանը նշել է, որ Իսրայելը, դրուզներին որպես պատրվակ օգտագործելով, վերջին երկու օրերի ընթացքում ավազակության գոտին տեղափոխել է հարևան Սիրիա։
Թուրքիայի առաջնորդը ընդգծել է, որ տարածաշրջանի այս փուլում ամենամեծ խնդիրը Իսրայելի ագրեսիան է։ Կայուն Սիրիան կապահովի կայունություն շրջակա բոլոր երկրների համար, հակառակ դեպքում բոլորը կկրեն դրա բեռը, ասել է թուրք առաջնորդը։