Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը։ Նրանք նաև քննարկել են Իրանի հետ դիվանագիտական գործընթացների շարունակականությունը և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համագործակցությունը՝ Կարմիր ծովում անվտանգությունն ապահովելու և Սուդանում մարտական գործողությունները դադարեցնելու համար», - նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ շարունակական համագործակցությունը։