Վեհափառ Հայրապետը իր մտահոգություններով է կիսվել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների շուրջ
Հանդիպմանը տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ՀԲԸՄ երիտասարդական նախագծերի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագիրն այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և համախմբել է շուրջ 4000 երիտասարդ հայ արհեստավարժների աշխարհից տարբեր կողմերից նպատակ ունենալով ստեղծել համախոհների ցանց, ընդլայնել անձնական ու մասնագիտական կապերը և ընդգրկել ՀԲԸՄ համաշխարհային գործունեության մեջ։ Տիար Յակուբյանը նաև իր երախատգիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին՝ ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու և աշխատաժողովը Մայր Աթոռում իրականացնելու հնարավորության համար, ինչն էլ ավելի կամրապնդի երիտասարդների կապը Հայոց Եկեղեցու հետ և կնպաստի ազգային ինքնության վերարժևորմանն ու զորացմանը։
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ՀԲԸՄ կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում բնակվող հայորդիները հնարավորություն են ստանում մեկտեղվելու հայրենիքում։
Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին երիտասարդների ներգրավվածությանը եկեղեցական կյանքում, հոգևորականների պատրաստությանն ու ծառայությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին։