Ուկրաինան հաստատել է պատժամիջոցների «Սավչենկոյի ցուցակը»
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հաստատել է պատժամիջոցների ցանկն մարդկանց նկատմամբ, որոնք, Կիեւի կարծիքով, մասնակից են ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի գործին: Խորհրդի նիստը վարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նիստի ընթացքում Պորոշենկոն նաեւ հիշեցրել է, որ Բրյուսելում անցկացված վերջին խորհրդակցությունների ժամանակ ուկրաինական կողմը «Սավչենկոյի ցուցակը» փոխանցել է Եվրամիության ղեկավարությանը: Այն ներկայացվելու է նաեւ Ուկրաինայի գործընկեր-պետություններին:
«Այս որոշումը չի դադարեցնում Նադեժդա Սավչենկոյի եւ ուկրաինացի մյուս հերոսների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ մեր աշխատանքը»,- հավելել է Պորոշենկոն:
Բացի այդ, Պորոշենկոն հանձնարարել է լրամշակել «Սավչենկոյի ցուցակը»՝ դրանում ներառելով անձանց, որոնք, Կիեւի կարծիքով, մասնակցել են Ղրիմում «ուկրաինացի եւ Ղրիմի թաթարների խոշտանգումներին»: