Անձնագիրը` ՆԳՆ-ից, մուտքը` ԱԱԾ-ից. ինչպես է Հայաստան ժամանել «օրենքով գող» Մերաբ Քալաշովը
Երեկ` հուլիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստան է ժամանել «օրենքով գող» Մերաբ Քալաշովը: Այսօր արդեն մեր գործընկեր Գագիկ Շամշյանի կայքում վերահաստատվեց լուրը:
Նախ, Քալաշովը, ինչպես արդեն նշեցինք, «օրենքով գող» է, ազգությամբ եզդի, ինչպես պարզ է դառնում ոստիկանության 2018 թվականին հրապարակած մի տեսանյութից, քաղաքացիություն չունեցող անձ, ով մեկ անգամ արդեն արտահանձնվել է Ֆրանսիային: Այդ երկրում նա հետախուզվել սկսել է 2015 թվականից։ Նրան մեղադրանք է առաջադրված եղել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:
Եվ ահա NEWSPRESS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Քալաշովին Հայաստան թողնելու մասին:
Մեզ հասած տեղեկություններով` Քալաշովը Հայաստան է ժամանել հուլիսի 9-ին, նրան ՀՀ ՆԳՆ կողմից տրված` ՀՀ քաղաքացու անձնագրով:
Անձնագիր ստանալու համար էլ, ըստ մեր աղբյուրի, Քալաշովը ներկայացրել է այն հիմքը, թե ընտանիքն ապրում է Հայաստանի Հանրապետությունում: Բայց որքա՜ն օրինապաշտ հայեր աշխարհի տարբեր անկյուններից, ամիսներով ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար հերթի են: Քալաշովի պարագան, սակայն, այլ է եղել. նրան աջակցել են այն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք, ի պաշտոնե, պարտավորված էին նրա այցն արգելելու Հայաստան:
Արդեն ասացինք. ՀՀ ՆԳՆ-ն Քալաշովի այցին, այսպես ասենք, «օժանդակել» է այնքանով, որ նրան անձնագիր է տրամադրվել: Բայց Քալաշովը` որպես «օրենքով գող» չէր կարող Հայաստան մուտք գործել, առանց ԱԱԾ-ի թույլտվության: Եթե ՍԷԿՏ-ը` Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը «չբացեր»: