73-ամյա Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղից
Նիդերլանդների հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բուժվել է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղից։
«Երկու տարի առաջ ենթարկվեցի մի քանի վիրահատությունների։ Սկզբում ամեն ինչ շատ վատ էր։ Բայց բուժումները տվեցին արդյունք։ Հիմա պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Ամեն ինչ լավ է, ինձ ավելի լավ եմ զգում»,- 73-ամյա Վան Գալի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Այաքսը» Վան Գալի գլխավորությամբ դարձել է Նիդերլանդների եռակի չեմպիոն եւ գավաթակիր, մեկական անգամ՝ Նիդերլանդների սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի հաղթող։
«Բարսելոնան» նրա ղեկավարությամբ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։
«Բավարիայի» հետ Վան Գալը նվաճել է Գերմանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։
«Մանչեսթեր Յունայթեդում» նա նվաճել է Անգլիայի գավաթը։
Նիդերլանդների հավաքականը Վան Գալի ղեկավարությամբ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։