Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որտեղ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի տարբեր ասպեկտներ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
«Հաստատվել է, որ երկկողմ բանակցությունները կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը լուծելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և դրա հիման վրա համաձայնություն է ձեռք բերվել շարունակել նման արդյունքի վրա կենտրոնացած երկխոսությունը», - ընդգծում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները գնահատելուց հետո, ղեկավարները հանձնարարականներ են տվել համապատասխան պետական հանձնաժողովներին՝ շարունակելու գործնական աշխատանքը այս ուղղությամբ։
«Կողմերը նաև համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները», - նշում է Արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի Հանրապետության նախագահը և ՀՀ վարչապետը շնորհակալություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին անկեղծ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար։